ԼՐԱՀՈՍ
06 Feb 2024

«Փաշինյանը կատարել է Ադրբեջանի պահանջը. Ժողովուրդը պիտի ըմբոստանա, և ձևավորվի քաղաքական էլիտա». Մետաքսե Հակոբյան. 168.am

«Փաշինյանը կատարել է Ադրբեջանի պահանջը. Ժողովուրդը պիտի ըմբոստանա, և ձևավորվի քաղաքական էլիտա». Մետաքսե Հակոբյան. 168.am

Փետրվարի 1-ին Հանրային ռադիոյին տված հարցազրույցում խոսելով ՀՀ Սահմանադրությունը փոխելու մասին, Նիկոլ Փաշինյանն, ըստ էության, ասել էր՝ Սահմանադրությունը փոխվում է, Արցախի մասին հիշատակումն այնտեղից հանելու համար, քանի որ, ըստ նրա՝ պատերազմ կլինի, եթե Անկախության հռչակագրում մնա Արցախի մասին հիշատակումը։

Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանի համար Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունը զարմանալի չէ, քանի որ ամեն ինչ անում է ըստ ծրագրածի՝ նա հրաժարվում է ոչ միայն Արցախից, այլև առհասարակ հայկականությունից։

 

«Նիկոլ Փաշինյանի ասածները մենք ավելի նեղ ենք դիտարկում, քան իրականում կա, որովհետև Ադրբեջանի կողմից ըստ էության պահանջը դրվել է՝ առհասարակ հրաժարվել հայկականությունից։ Հակառակ կողմից պարզ տեսնում են, որ իրենց դրած ցանկացած պահանջ ՀՀ իշխանությունը կատարում է։ Եթե հետ գնանք ու տեսնենք այս իշխանությունների վերջին 4 տարվա վարվող քաղաքականությունը, ապա ակնհայտ է դառնում, որ այս ամենին իրենք քայլ առ քայլ եկել են ու հերթականությամբ իրականացնում են իրենց ծրագրերը։

Սկզբում քիչ չափաբաժնով էին անում, ինչպես եղավ Արցախի հարցում, քանի որ մեր հայրենիքի հանձնումն ակնհայտորեն սկսվեց այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը ՀՀ ամենաբարձր ամբիոնից՝ ԱԺ-ից, խոսեց Արցախի նշաձողն իջեցնելու մասին։ Դրան հաջորդեց Արցախի ինքնորոշման իրավունքի չեղարկումը և աշխարհի համար բերված բոլոր «ապացույցները», թե իբրև ինքնորոշման իրավունքը տեղի չի ունեցել։ Հետևաբար՝ կարող ենք համարել, որ Նիկոլ Փաշինյանը կատարել է Ադրբեջանի պահանջը՝ փակել է Արցախի էջն ու հասել է ՀՀ Սահմանադրությունը փոխելուն»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Մետաքսե Հակոբյանը։

Նրա բնորոշմամբ՝ այստեղ ամենամեծ վտանգն այն է, որ Նիկոլ Փաշինյանը խոսում է ՀՀ երրորդ Հանրապետության չլինելու մասին։ Իսկ երբ խոսում է չորրորդ հանրապետության մասին՝ պարզապես միֆ է, հեքիաթ, և նման բան չի կարող լինել։ Փաստացի տարածաշրջանում կլինի Հայաստան անունով տարածք, բայց ոչ Հայաստան, որն ունի պետականություն։

«Այս անձը, իր ողջ խմբակով, ուղղակի ոչնչացնում է հայկականությունը՝ չեմ խոսում Արցախի ու սփյուռքի մասին։ Այս ամենն այլևս որևէ մեկնաբանության ու դիտարկման կարիք չունի, եթե այսպես շարունակվի, վերջնարդյունքը պարզ է արդեն»,- շեշտեց Մետաքսե Հակոբյանը։

Պատգամավորն այս ամենը թույլ չտալու համար երկու ճանապարհ է տեսնում՝ ժողովրդի ըմբոստությունը, որը պետք է հեղեղի փողոցները, և հաջորդը՝ քաղաքական էլիտայի ստեղծումը, որը պիտի առաջանորդի երկիրը։

«Գոնե Հանրային ռադիոյին տված հարցազրույցից հետո ժողովուրդը պիտի ըմբոստանար։ Քաղաքական էլիտայի ստեղծումը, ըստ իս, հաջորդ ճանապարհն է, որը երկիրը դուրս կբերի այս վիճակից։ Այս իշխանությունը մեկ պարզ նախադասություն է ասում բոլորին՝ չենք ուզում հայ լինել, որովհետև մեզ բոլորը կսպանեն։ Սա կեղծ թեզ է, որը փորձում են առաջ տանել։ Այս իշխանությունները չունեն ազգային տեսլական, հետևաբար՝ պիտի միավորվեն այն գործիչները, որոնք ունեն ազգային տեսլական, ու առաջնորդեն երկիրը, եթե 10 հոգի էլ լինեն, հավատացեք, իրենք կկարողանան ազգային օրակարգ ձևավորել»,- եզրափակեց Մետաքսե Հակոբյանը։

Աղբյուրը՝ 168.am