«Մանկահասակ երեխայի մորը կալանավորելը սխալ եմ համարում՝ կապ չունի, իշխանության ներկայացուցիչ է, թե ընդդիմության». Լևոն Քոչարյան
Ամեն գնով փորձում են մարդկանց կալանավորել, բայց իրականում դրա իմաստը չկա․այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանը՝ խոսելով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ կալանավորման մասին։
«Կալանքի իմաստը գործին ու քննությանը չխոչնդոտելն և նոր հանցանք չգործելն է։ Եթե ես ինչ–որ երևույթի դեմ եմ, լինի ընդիմության ներկայացուցչի հետ կապված, թե ոչ ընդիմության, ապա դա քննարկման ենթակա չէ։ Սխալ է մանկահասակ երեխաների մորը կալանավորելը»,- ընդգծել է Քոչարյանը։
Հարցին՝ պատրաստ է արդյո՞ք՝ իր մանդատը օգտագործելով երաշխավորագիր ներկայացնել դատարան Սիմոնյանի ազգականի խափանման միջոցը փոխելու համար, Քոչարյանն ասաց, թե պետք չէ անձնավորել․ «Ես սխալ եմ համարում մանկահասակ երեխա ունեցող մարդկանց կալանքի տանելը, իսկ եթե մի բան սխալ եմ համարում, ապա պատրաստ եմ այդ սխալը ուղղելու համար քայլեր ձեռնարկել թե՛ որպես պատգամավոր, թե՛ որպես քաղաքացի»,-ասել է նա։
Պատգամավորի խոսքով՝ եթե իշխանության ներկայացուցիչները համարձակություն ունենային դիրքորոշում արտահայտել մի շարք ապօրինի կալանքի դեպքերի վերաբերյալ, միգուցե իրենց հետ նույնը չլիներ:
«Ինչպես երկիրն են տանում կործանման, այդպես էլ իրենց են տանում կործանման»,-հավելել է Քոչարյանը։
Փոխանցում է ABC MEDIA-ն