ԼՐԱՀՈՍ
03 Feb 2024

Ապրիլյան 4-օրյա պատերազմում կյանքը Արցախի ու Հայաստանի համար զոհած Մակիչը 50 տարեկան կդառնար

Ապրիլյան 4-օրյա պատերազմում կյանքը Արցախի ու Հայաստանի համար զոհած Մակիչը 50 տարեկան կդառնար

Արմեն Կառլենի Գասպարյան (Մակիչ)


Ազատամարտիկ Մակիչը ծնվել է 1974 թվականի փետրվարի 3-ին, Սյունիքի մարզի Շինուհայր գյուղում (այժմ Տաթև համայնք, նախկինում՝ Գորիսի շրջան), Գասպարյանների ընտանիքում։

1981-1989 թվականներին սովորել է Շինուհայրի միջնակարգ դպրոցում, ապա՝ ընդունվել Կապանի շինարարական տեխնիկումը։

Մակիչը 15 տարեկանից անդամագրվել է ազատամարտիկ-հրամանատար, հասարակական գործիչ Համլետ Քոչարյանի ջոկատին։






Մարտական ուղի


Ավագ լեյտենանտ Մակիչը 1989 թվականից եղել է Արցախյան շարժման ակտիվ մասնակից։ 1991 թվականին Կապանում ընդգրկվել է «Մեծն Գ․Նժդեհ» ջոկատում։ Կապանի, Գորիսի և Արցախի սահմանամերձ շրջաններում ջոկատի կազմում կատարել է մարտական հատուկ առաջադրանքներ։

 

1991-ին մեկնել է Արցախ և մինչև 1992-ի մարտ ամիսը մասնակցել Մարտակերտի շրջանի Ջանաթաղ և Կիչան գյուղերի պաշտպանությանը։

 

1992-ի մարտին ստացել է բեկորային վիրավորում և վերադարձել Կապան։ Ապաքինվելուց հետո Կապանի Երկրապահ կամավորական ջոկատի կազմում մասնակցել է Կապանի սահմանամերձ գյուղերի, ինչպես նաև Կովսականի (Զանգելան), Կուբաթլուի և Բերձորի (Լաչին) միջանցքի ազատագրական մարտերին։


1993 թվականին Կապանի զինվորական կոմիսարիատի կողմից զորակոչվել է պարտադիր զինվորական ծառայության և ծառայել Կապանում տեղակայված N զորամասում, որի կազմում մասնակցել է տարածաշրջանի, ինչպես նաև հարավ-արևելյան ուղղության հակաօդային պաշտպանությանը։


1994 թվականի հոկտեմբերի 12-ին զորացրվել է պահեստազոր։


1999 թվականից մինչև 2008-ին ծառայել է թիվ N զորամասում և զբաղեցրել տարբեր պաշտոններ։


2016 թվականի ապրիլի 2-ին հակառակորդի կողմից լայնամասշտաբ մարտական գործողությունների վերսկսելու պատճառով Երկրապահ կամավորականների ջոկատի կազմում Մակիչը մեկնեց ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղ, որտեղ նույն թվականի ապրիլի 6-ին հատուկ մարտական առաջադրանք կատարելու ժամանակ զոհվեց։


Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելու, ցուցաբերած արիության համար ԼՂՀ-ի նախագահի հրամանագրով՝ պահեստի ավագ լեյտենանտ Արմեն Կառլենի Գասպարյանը հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով, «Մարտական խաչ 2-րդ աստիճանի» շքանշանով։ 

 
Աղբյուրը՝ Ազատամարտ Կապան