ՌԵՊՈՐՏԱԺՆԵՐ
19 Nov 2021

Այս տարածաշրջանում իրավիճակը դեռ մինչև վերջ չի հանդարտվել․ Պուտին

Ռուս խաղաղապահները պահանջված են Անդրկովկասի իրադրության կարգավորման համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Նրա խոսքով, հայ-ադրբեջանական սահմանին վերջերս տեղի ունեցած փոխհրաձգությունները ցույց տվեցին, որ այս տարածաշրջանում իրավիճակը դեռ մինչև վերջ չի հանդարտվել։
 
ՌԴ նախագահի համոզմամբ՝ ռուսական դիվանագիտությունը կարող է դերակատարություն ունենալ տնտեսական կապերի, կենսական նշանակության տրանսպորտային միջանցքների ապաշրջափակման հարցերում։ Փաստացի, մինչ օրս Մոսկվան տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման մասին խոսելիս «միջանցք» բառը չէր օգտագործում, թեև պարզ չէ՝ արդյոք Պուտինը «միջանցք» ասելով նո՞ւյն իմաստը նկատի ուներ, ինչ Բաքուն։
 
Ինչևէ, ինչ վերաբերում է կոնկրտ խնդրի կարգավորմանը, ապա Պուտինը դրական հեռանկարներ է տեսնում:
 
Պուտինը հիշեցրել է նաև, որ մեկ տարի առաջ Ռուսաստանի ակտիվ միջնորդական ջանքերի շնորհիվ է կանգնեցվել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը։ Արցախյան հարցն այսօր քննարկել են նաև ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեն։ Վերջինս ողջունել է Մոսկվայի ջանքերը՝ ուղղված Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորմանը։
 
ԵԱՀԿ գործող նախագահն ավելի վաղ հեռախոսազրույց էր ունեցել և Հայաստանի, և Ադրբեջանի արտգործնախարարների հետ և, ըստ պաշտոնական հաղորդագրությունների, ընդգծել հրադադարը պահպանելու և տարաձայնությունները խաղաղ ճանապարհով կարգավորելու անհրաժեշտությունը։