Սյունիքի գյուղերը ունեն հասանելիության լուրջ խնդիր
Սյունիքի մարզում շրջափակման մեջ գտնվող գյուղեր չկան, այս մասին այսօր հայտարարեց տարածքային կառավարաման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։ Նրա ներկայացմամբ՝ Սյունիքի մարզի մի քանի գյուղերի ճանապարհները պարզապես դժվարանցանելի են։ Ներկայումս էլ աշխատանքներ է տարվում ճանապարհների անցանելիությունը կարգավորելու ուղղությամբ․ Խոսքը Կապան Ճակատեն ավտոճանապարհի հարևանությամբ գտնվող գյուղերի մասին է: Այդ ավտոճանապարհի ադրբեջանական դարձած հատվածն օրեր առաջ է փակվել։ Գորիս-Կապանի նույն սցենարով՝ ադրբեջանն այստեղ էլ մաքսային անցակետ է տեղադրել: Արդյունքում Կապան խոշորացված համայնքի 6 գյուղերը՝ Ճակատենը, Շիկահողը, Սրաշենը, Ներքին Հանդը, Ծավը և Շիշկերտը զրկվել են հիմնական ճանապարհից: Այս գյուղեր հասնելու համար հիմա պետք է նախ Մեղրի գնալ: Եթե նախկինում գյուղերից մարզկենտրոն Կապան հասնելու համար առավելագույնը 15 րոպե էր պահանջվում, ապա այժմ ավելի քան 3 ժամ է պետք՝ շուրջ 150 կմ ճանապարհն անցնելու համար:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այս գյուղերը կտրված չեն ՀՀ-ից, ասում է՝ լոգիստիկ որոշակի դժվարություններ կան: Հավելում` Սյունիքի մարզի այդ գյուղերի բնակիչներին լրացուցիչ աջակցություն են ցուցաբերում․
Ավելի վաղ ադրբեջանական կողմը մաքսակետ էր տեղադրել Գորիս-Կապան ճանապարհի՝ իր վերահսկողության տակ գտնվող հատվածում: Այս ճանապարհի փակ լինելու պատճառով էլ փաստացի շրջափակման մեջ են մնացել Բարձրավանը, Շուռնուխն ու Որոտանը: Այս գյուղեր հասնելու այլընտրանքային ճանապարհները դեռ կառուցվում են: Իսկ գրունտային ճանապարհով տեղաշարժվել հնարավոր է բացառապես ամենագնացներով։
Թեպետ երկրի ղեկավարը պնդում է, թե Սյունիքի մարզում շրջափակման մեջ գտնվող գյուղեր չկան, այդուհանդերձ ՀՀ ԱԻՆ նախարար Անդրանիկ Փիլոյանի՝ խոսքերից այլ պատկեր է ուրվագծվում: