ՌԵՊՈՐՏԱԺՆԵՐ
23 Nov 2021

Երևանը պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանն` առանց նախապայմանների

Հայաստանի իշխանությունները Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման  գործընթաց սկսելու պատրաստակամության մասին տեղեկացրել են Մոսկվային։
ՏԱսս լրատվական գործակալության հետ զրույցում ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը ասել է, որ մի շարք միջազգային գործընկերներ, այդ թվում՝ դաշնակից Ռուսաստանը, հայտարարել են, որ պատրաստ են աջակցելու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին:

Հունանյանը նշել է նաեւ, որ ՀՀ կառավարության ծրագրում արձանագրված է, որ Հայաստանը մշտապես պատրաստ է եղել կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ՝ առանց նախապայմանների: Միաժամանակ հավելել է, որ ներկա պահին Թուրքիայի հետ որևէ բանակցություն չի ընթանում։

Արցախյան 44 օրյա պատերազմից հետո ՀՀ իշխանություններն ու Թուրքիայի նախագահը մի քանի անգամ փոխադարձ հայտարարություններ արեցին՝ ասելով, թե սահմանի մյուս կողմից դրական ուղերձներ են ստանում։ Սեպտեմբերին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարեց, թե Հայաստանի վարչապետը Վրաստանի վարչապետի միջոցով իրեն հանդիպելու առաջարկ է արել: Էրդողանը առաջարկը լսել է, բայց նախապայման է դրել. այն է՝ հանդիպման համար Երևանը պետք է հստակ քայլեր ձեռնարկի «Զանգեզուրի միջանցքի» ուղղությամբ։

Պաշտոնական Երևանը, սակայն, բազմիցս հայտարարել է, որ բացառում է միջանցքային տրամաբանությունը։