ՀԱՐՑ ԻՇԽԱՆԱՎՈՐԻՆ
17 Apr 2017

Սեփական իրավունքների համար պայքարելուն հային պակասում է քաղաքացիական խիզախություն. Լարիսա Ալավերդյան

Ազգային արժանապատվությունը սին գաղափար է, եթե հիմնված չէ մարդու արժանապատվության վրա:

 

Հայն իր իրավունքների համար պայքարող ժողովուրդ չէ: Հայերին պակասում է քաղաքացիական խիզախությունը: «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանն այս հանգամանքը պայմանավորում է նաեւ այդ հարցում սովորույթների եւ գիտելիքների պակասով: «Շատերը պատրաստ են բողոքել աշխարհի դեմ, բարձրագույն իշխանության դեմ, բայց պատրաստ չեն տեղում, աշխատավայրում պայքարել իրենց ընկերոջ ոտնահարված իրավունքների համար»,-պարզաբանում է Ալավերդյանը:

Կարեւորն անհատի՞ արժանապատվությունն է, թե՞ ազգային արժանապատվությունը: «Մարդու իրավունքների կոնցեպտը հիմնված է մարդու արժանապատվության վրա: Եթե խոսում ենք ազգային արժանապատվության մասին, նշանակում է՝ խոսում ենք անձի արժանապատվության մասին: Ազգային արժանապատվությունը՝ սին գաղափար է, եթե հիմնված չէ մարդու արժանապատվության վրա»,-շեշտում է հասարակական գործիչը:

Լարիսա Ալավերդյանի համոզմամբ՝  մեր ազգային կերպարի համար պայքարող տեսակը քիչ է եւ չի կազմում «կրիտիկական զանգված»: «Այնպես չէ, որ բոլոր ժողովուրդներն այդպիսինն են, ուղղակի այնտեղ կա այդ «կրիտիկական զանգվածը», որն էլ հենց պահում է այդ կերպարը»,-հստակեցնում է բանախոսը:

Ի՞նչ անել, որ մարդն իր իրավունքները համարի գերակա եւ պայքարի դրանց համար: Այս եւ այլ հարցերի պատասխանները՝ «Հարց իշխանավորին» հաղորդման շրջանակում: