ԼՐԱՀՈՍ
02 Nov 2024

Հովհաննես Ավետիսյանի ուղերձը՝ Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին

 Հովհաննես Ավետիսյանի ուղերձը՝ Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին

«Մեծարգո դեսպան, ես Հովհաննես Ավետիսյանն եմ, Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, որ ձեր կառավարության ֆինանսավորմամբ 2012 թվականին մեկնել է ԱՄՆ կրթություն ստանալու Զեորջիայի պետական համալսարանում, այն Հայաստանի Հանրապետության քաղաքացին, որը ԱՄՆ երեք բուհական հաստատություններում ստացել է բարձրագույն կրթություն` դիվանագիտության, հանրային քաղաքականության և հանրային կառավարման մասնագիտություններով, և այն քաղաքացին, որը գիտակցաբար ընտրել և անցնում է իրական պետական գործիչ դառնալու և լինելու քարքարոտ և պատասխանատու ճանապարհը, որի գլխավոր երազանքն այս իմաստով ապահով, ժողովրդավար և բարեկեցիկ Հայաստան ունենալն է: Ես այս ճանապարհին կանգնած այն քաղաքացին եմ, որին ապօրինի ձերբակալում է այն ոստիկանությունը, որը ներկայում ստանում է ԱՄՆ կառավարության տեխնիկական, ֆինանսական և բարոյահոգեբանական աջակցությունը:

Ձեր ջանքերն իրապես գնահատելի են Հայաստանում արդարադատության համակարգը բարեփոխելու, Հայաստանի ոստիկանական համակարգը զարգացնելու և վերափոխելու գործում: Ցավում եմ, որ ստիպված եմ Ձեզ ասել հետևյալը. ԱՄՆ կառավարության ջանքերը և աջակցությունն ակնհայտորեն փոշիացվում են, քանի որ օրվա իշխանության կողմից դրանք չեն ծառայեցվում Հայաստանում ժողովրդավարական համակարգ հաստատելու, արդարադատության իրապես արդար համակարգ ունենալու և ունենալու ոստիկանություն, որ առաջնորդվում է օրինականության, անձի իրավունքների և ազատությունների, պատիվն ու արժանապատվությունը հարգելու, մարդասիրության ու հրապարակայնության սկզբունքներով:

Սա են վկայում ոչ միայն նշանակալի տեմպով աճող հանցագործությունների թիվը, արդարադատության համակարգի, մեղմ ասած, անարդյունավետ գործունեությունը, այլ նաև այն և հատկապես այս հանգամանքը, որ ներկայի իշխանությունը Ձեր կառավարության աջակցությունն օգտագործում է Հայաստանում ռեպրեսիվ համակարգ ստեղծելու գործում, օրվա կառավարության ղեկավարը Ձեր աջակցությունն օգտագործում է խելացի և թիրախային քաղաքական բռնաճնշումներ կիրառելու գործում, օրվա իշխանությունը Ձեր աջակցությունն օգտագործում է ընտրանքային արդարադատություն կիրառելու, իսկ ավելի ճիշտ և ընդհանուր առմամբ՝ Ձեր կողմից տրամադրվող աջակցությունն օգտագործում է ավտորիտար մեթոդներով կառավարվող համակարգ ստեղծելու գործում:

Վերջին շրջանում Հայաստանի հարյուրավոր քաղաքացիների նկատմամբ, այդ թվում՝ իմ նկատմամբ, ոստիկանական և արդարադատության համակարգի կողմից իրականացվող գործողությունները, Հայաստանում տասնյակ քաղաքական շարժառիթներով ձերբակալություններն ու բանտարկյալներն ասվածիս վառ ապացույցն են:

Մեծարգո տիկին դեսպան, կարծում եմ՝ Դուք հասկանում եք, որ Ձեր կողմից տրամադրվող աջակցությունն այս իշխանության կողմից վերոնշյալ եղանակներով և, մասնավորապես, քաղաքական ռեպրեսիաների գործում օգտագործելու շարունակականությունն ունենալու է ծանր հետևանքներ: Իսկ այս հետևանքներից ամենածանրը լինելու է հայ-ամերիկյան բարեկամական հարաբերությունների խաթարումը: Հետևաբար՝ հորդորում եմ կասկածի տակ առնել Ձեր կառավարության կողմից այս իշխանությանը տրամադրվող աջակցության արդյունավետությունն ու նպատակայնությունը: Հորդորում եմ վերանայել Ձեր աջակցության շրջանակը, և հորդորում եմ թույլ չտալ, որ Ձեր կառավարության աջակցությունը կիրառվի Հայաստանում ավտորիտար համակարգ ստեղծելու և Հայաստանի քաղաքացիների նկատմամբ քաղաքական բռնաճնշումներ կիրառելու գործում»։

 

Միջազգային փորձագետ Հովհաննես Ավետիսյան