ԼՐԱՀՈՍ
02 Nov 2024

Հովհաննես Ավետիսյանի ուղերձը՝ ՀՀ ոստիկանությանը

Հովհաննես Ավետիսյանի ուղերձը՝ ՀՀ ոստիկանությանը

«Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում աշխատում են իմ քույրերն ու եղբայրները, սրա և՛ ուղիղ, և՛ փոխաբերական, և՛ քաղաքական, իսկ որոշների հետ՝ նաև արյունակցական կապ ունենալու իմաստով: Հետևաբար, և ոչ մի պարագայում Հայաստանի ոստիկանությունը չի հանդիսանում իմ կողմից ծավալած գործողությունների, այդ թվում՝ այս ուղերձի թիրախը, և առավել ևս՝ իմ կողմից չի դիտարկվում և երբևէ չի կարող դիտարկվել այս քաղաքական կոնֆլիկտի դերակատար թիրախային կողմ:

Այս գիտակցությամբ և ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ Ոստիկանությունը գտնվում է Հայաստանի ժողովրդին խաբած և ժողովրդավարության անվան տակ իշխանությունն ուզուրպացրած անձանց ձեռքում` պատանդի կարգավիճակում: Իշխանություն, որ ոստիկանական համակարգն օգտագործում է ոչ թե՝ անվտանգ միջավայր և ապահով հանրություն ստեղծելու, ոչ թե՝ Հայաստանի քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները պաշտպանելու, ոչ թե՝ Հայաստանի քաղաքացու կյանքը և սեփականության իրավունքները պաշտպանելու, այլ սեփական իշխանությունը` ի վնաս հայ ժողովրդի շարունակական դարձնելու և Հայաստանում դիկտատուրային ռեժիմ հաստատելու նպատակներով:

Սա են վկայում նաև Հայաստանի գիտակից և ակտիվ քաղաքացիների նկատմամբ հատկապես վերջին օրերին ոստիկանության կողմից ծավալած գործողությունները, մասնավորապես՝ ընդամենը մի քանի օրվա մեջ ինն անձի, այդ թվում՝ ինձ, ապօրինի զենք ունենալու հորինած կասկածով ձերբակալելու հանգամանքը: Այս ինն անձանցից և ոչ մեկի մոտ ապօրինի զենք և կամ զինամթերք չի հայտնաբերվել, այդ թվում՝ ընդհուպ մինչև բնակարանում իրականացված խուզարկությամբ: Այս գործողությունները ոչ այլ ինչ են, քան քաղաքական պատվեր՝ իջեցված օրվա իշխանության կողմից` ճնշելու, վախեցնելու և, ինչո՞ւ չէ, տեռորի ենթարկելու այն բոլոր գիտակից քաղաքացիներին, որոնք համաձայն չեն այս իշխանության վարած ներքին և հատկապես արտաքին կործանարար քաղաքականության հետ:

Ես չեմ հավատում, որ Հայաստանի ոստիկանությունն այնքան վատ է աշխատում, որ այս ինը քաղաքաղացիների դեպքում մի քանի օրվա մեջ ունեցել է օպերատիվ տվյալ և/կամ անմիջականորեն կամ այլ կերպ առաջացած կասկած ապօրինի զենք ունենալու իմաստով, սակայն և ոչ մեկիս պարագայում այս կասկածը չի հիմնավորվել: «Տարօրինակ» պատահականությամբ, այս բոլոր ինը քաղաքացիներն ունեն ընդդիմադիր քաղաքական հայացքներ և միաժամանակ ակտիվ են իրենց ձայնը բարձրացնելու և օրվա իշխանությանը հակադրվելու գործում և գործողություններում: Հետևաբար, կրկին ասում եմ՝ Ոստիկանության վերոնշյալ գործողությունները ոչ այլ ինչ են, քան քաղաքական պատվեր` ճնշելու և լռեցնելու Հայաստանի գիտակից քաղաքացիներին:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ հայտարարում եմ, որ իմ և ընդդիմադիր հայացքներ ունեցող բոլոր օրինապաշտ քաղաքացիների նկատմամբ ծավալված այսօրինակ անհամաչափ և անհիմն գործողություններն ունեն քաղաքական համատեքստ: Հայտարարում եմ, որ իմ անձի նկատմամբ ոստիկանության կողմից այսուհետ իրականացված ցանկացած տեսակի գործողություն ես դիտարկելու եմ իմ քաղաքական հետապնդման համատեքստում` որպես բռնաճնշման հերթական արար, և սրա մասին բարձրաձայնելու եմ և լինելու եմ հետևողական իմ և մյուս քաղաքացիների քաղաքական և մնացյալ իրավունքների պաշտպանության հարցում:

Միաժամանակ, խնդրում և հորդորում եմ Ոստիկանության պետին և բոլոր պաշտոնատար անձանց՝ չկատարել ապօրինի հրամաններ, զերծ մնալ քաղաքական շահեր սպասարկելու և բռնաճնշումներ իրականացնելու գործիք լինելուց: Հիշեցնում եմ, որ այս և որևէ հաջորդ իշխանություն ժամանակավոր է, որ իշխանության աղբյուրը ժողովուրդն է, այլ ոչ որևէ պաշտոն, որ ցանկացած ապօրինի գործողություն արձանագրվում է մեր կողմից և հաջորդիվ ունենալու է իրավական հետևանքներ` ապօրինություններ իրականացրած բոլոր պաշտոնյաներին պատասխանատվության ենթարկելու և դատարանի առջև կանգնեցնելու տեսքով»: