ԼՐԱՀՈՍ
31 Oct 2024

«Հարվարդի շրջանավարտի հանդեպ իրականացվում է քաղաքական ռեպրեսիա»․ Գևորգ Թամանյան

«Հարվարդի շրջանավարտի հանդեպ իրականացվում է քաղաքական ռեպրեսիա»․ Գևորգ Թամանյան

«Ժամեր առաջ նամակ ստացա իմ ընկեր Հովհաննես Ավետիսյանից, որ տարել են ոստիկանություն` գործ են փորձում կարել ապօրինի զենք պահելու մեղադրանքով։ Գաղտնիք չէ, որ Հովհաննեսը ներկա իշխանությունների կոշտ ընդիմախոսն է, առանձնանում է փաստակված եւ սուր քննադատական խոսքով եւ այս եղանակով իշխանությունները փորձում են նրան լռեցնել։

Ովքեր ծանոթ չեն, ասեմ`Հովհաննեսը Հարվարդի համալսարանի շրջանավարտ է, հանրային կառավարման մագիստրոս։ Նաեւ սովորել է Թաֆթսի եւ Ջորջիայի համալսարաններում։

Հենց նա էր թարգմանել Նոբելյան մրցանակի դափնեկիր Դարոն Աճեմօղլուի «Ինչու են պետությունները ձախողում» գիրքը։

Աշխատել է ՀՀ ֆինանսների նախարարությունում որպես Երկկողմ ֆինանսական և տեխնիկական համագործակցության բաժնի ղեկավար, ինչպես նաև` ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունում որպես ներդրումային քաղաքականության վարչության պետ։


Եղել է Միավորված ազգերի կազմակերպության Ֆինանսական կառավարման և ծախսերի հաշվառման ազգային փորձագետ, Եվրոպական միության պատվիրակության ավագ փորձագետ, Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Աջակցություն ԵՄ նախագծերի համակարգմանը» ծրագիր Հանրային քաղաքականության և կառավարման փորձագետ, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպություն (ՏՀԶԿ) Հանրային քաղաքականության և կառավարման փորձագետ։

Կոչ եմ անում մասնագիտական համայնքին, ԱՄՆ հայ շրջանավարտներին, Հարվարդի շրջանավարտներին, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին ձայն բարձրացնել եւ կանխել քաղաքական հաշվեհարդարը Հովհաննեսի նկատմամբ»։

 

Գևորգ Թամանյան

 

Լուսանկարում Հովհաննես Ավետիսյանն է