«Անհայրենիք խաղաղություն չենք ուզում»․ Բագրատ Սրբազան
«Մենք չենք ձգտում պատերազմի, բայց, միևնույն ժամանակ, ստորացնող, նվաստացնող, անարժանապատիվ, անդիմագիծ, անգույն, անհայրենիք խաղաղություն էլ չենք ուզում...
Դարձյալ այս օրերին հաճախ հնչող հարցերից է, թե արդյո՞ք հայոց եկեղեցին այս ճգնաժամային իրավիճակում ռազմավարություն, ճանապարհային քարտեզ ունի։
Արդյո՞ք այդ ներքին ուժն առկա է երկրի՝ ծայրահեղ ծանր իրավիճակներում հայտնվելու դեպքում գործելու համար:
Այո՛, տեսնում եմ այդ ուժը և պատասխանատվությունից չխուսափելու պատրաստակամությունը, եթե, Աստված մի արասցե, առավել ծայրահեղ ծանր իրավիճակում հայտնվենք:
Երանի որ այդպես չլինի:
Հայոց Եկեղեցին չի խուսափում պատասխանատվությունից։ Այն բոլոր իմաստներով կրել է իր բեռն ու պատասխանատվության բաժինը` դա երբեք էլ բեռ չհամարելով, քանի որ սեփական ժողովրդի հոգևոր և ֆիզիկական անվտանգությունը եկեղեցու համար առաջին տեղում են:
Մենք ոչ մի վայրկյան չենք տատամսելու այդ պատասխանատվությունը ստանձնել։
Ես վստահեցնում եմ, որ երբ մեր համբերությունը հատնի, որ երկրի, պետության գոյության սպառնալիքն ու վտանգն այլևս անդառնալիության եզրին հասնեն, այն ժամանակ կլինի այն, ինչ որ պիտի լինի։
Ես չեմ էլ պատկերացնում, թե այս խոսքերն ինչպես եմ արտաբերում, Աստված մի արասցե, որ այդ օրը գա։ Ժամանակները ցույց կտան։
Հուսանք, որ մենք է՛լ ավելի չենք խորացնի իրավիճակը, թեպետ թշնամին անդադար փորձում է բոլոր հնարավոր միջոցներով անհանգստացնել։
Այս պահին, մեզ, վիրավորված վիճակում, հանգստություն ու խաղաղություն է պետք, որովհետև մենք ապաքինման գործընթացի մեջ պետք է լինենք։
Անընդհատ խոցվելը չի նպաստելու ապաքինմանը: Մեր մտածումների առանցքում միշտ պետք է լինի մեր պետականության անվտանգությունը, մեր հայրենիքի ամբողջականությունն ու անխախտությունը և բոլոր առումներով մեր ժողովրդի պաշտպանված կյանքը։
Հուսանք, որ նոր Սարդարապատի առջև չենք կանգնի, որովհետև մենք չենք ձգտում պատերազմ ունենալ, բայց, միևնույն ժամանակ, ստորացնող, նվաստացնող, անարժանապատիվ, անդիմագիծ, անգույն, անհայրենիք խաղաղություն էլ չենք ուզում, և մենք պետք է բոլոր ջանքերը ներդնենք մեր արժանապատվությունը վերականգնելու, մեր գլուխները բարձրացնելու, հնարավոր և անհնար, դառն ու դժվար լուծումները գտնելու և կարողանալու մեր կյանքը վերստին կայացնել և նաև վերադարձնել այն, ինչ կորցրել ենք` և՛ մարդկային կյանքերի, և՛ Հայրենիքի իմաստով»։
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
«Ավետյաց երկրի տեսիլքով»