ՖԻԼՄԵՐ
27 Jun 2017

Արտաշեսն ու Հանիբալը

Մարդկության պատմության ամենահետաքրքրիր դարաշրջաններից մեկն անտիկ դարաշրջանն է եւ առաջին պետությունների ու ժողովուրդների կազմավորումը: Թվում էր, թե վերջերս է Ալեքսանդր Մակեդոնացին հպատակեցրել ամբողջ Արեւելքը, եւ այժմ սատրապները չեն կարողանում բաժանել նրա ժառագությունը:

 

Մարդկության պատմության ամենահետաքրքրիր դարաշրջաններից մեկն անտիկ դարաշրջանն է եւ առաջին պետությունների ու ժողովուրդների կազմավորումը: Թվում էր, թե վերջերս է Ալեքսանդր Մակեդոնացին հպատակեցրել ամբողջ Արեւելքը, եւ այժմ սատրապները չեն կարողանում բաժանել նրա ժառագությունը:

Ամենամեծ սատրապություններից մեկը՝ Սելևկյանների կայսրությունը, բախտորոշ պարտություն է կրում հռոմեացիներից եւ դադարում գերտերություն լինելուց: Ք.ա. 190 թվականին, Մագնեսիայի ճակատամարտը վերջակետ է դնում Անտիոքոս Գ-ի՝ համաշխարհային կայսրության մասին երազներին: Իսկ  հռոմեացիները, գրավելով Հունաստանը եւ Հարավային Եվրոպայի զգալի մասը, արդեն ձեռք էին բերել արյունարբու նվաճողների եւ թալանչիների տխրահռչակ փառքը: Սա առավել ցայտուն երեւում է Արեւելքի զարգացած քաղաքակրթության ֆոնին: Սելևկյաններին ենթակա հայոց տիրակալները՝ Արտաշեսն ու Զարեհը, այդ ժամանակ հռչակում են անկախություն: Աշխարհի քարտեզի վրա կրկին հայտնվում են հայկական պետություններ. առաջինն անկախություն հռչակում են Մեծ Հայքն ու Ծոփքը:

Հույն պատմիչ Ստրաբոնի վկայությամբ՝ Մեծ Հայքն արագորեն ընդարձակվում է  մարերի, իբերների, սիրիացիների եւ հարեւան այլ ժողովուրդների բնակատեղիների հաշվին: Դրան հաջորդած պատերազմները հարստացնում են երկիրը: Արտաշեսը, այնքան ուժեղ եւ անկախ տիրակալ էր թվում, որ նրան արդեն դիմում էին դեպի Արեւելք շարժվող Հռոմի դեմ պայքարելու խնդրանքով: Արտաշեսը գիտակցում էր, որ Հռոմի դեմ պատերազմն անխուսափելի է, եւ դա միայն ժամանակի հարց է:

Ք.ա. 202 թվականի հոկտեմբերի 19-ին, Կարթագենը կրում է պատմական պարտություն եւ հռոմեացիների գլխավոր թշնամին՝ մեծանուն զորավար եւ ստրատեգ Հանիբալը փախչում է Արեւելք: Նա մտադիր էր հայոց արքայի օգնությամբ՝ վերսկսել պայքարը հռոմեացիների դեմ եւ վերականգնել Կարթագենի երբեմնի հզորությունը:

Հայոց արքան հյուրին ընդունում է մեծագույն պատիվներով: Իսկ Հանիբալին ամենից շատ զարմացնում է ամբողջ երկրում ընթացող շինարարության մասշտաբները:

Ըստ Ստրաբոնի՝ Արտաշեսի արքայությունը սկզբում ընդգրկում էր Արարատյան դաշտը եւ ավանդաբար կոչվում էր Այրարատ, այնպես, ինչպես նախկինում շումերներն ու ասորիներն էին կոչում հայկական պետությունը: Պահպանվել է շումերական՝ ՛՛Էնմերկարը եւ Արատտայի տիրակալը՛՛ պոեմը, իսկ ասորիներն իրենց հյուսիսային հարեւաններին կոչում էին Արարատ: Ուրարտու անվանումն էլ սեպագրերի տարընթերցումն է, որտեղ նշվում են միայն բաղաձայները:

Ապաստան տալով Հանիբալին՝ Արտաշեսը սկսում է իր ծաղկող կայսրության շինարարությունը: Հանիբալն էլ, ունենալով կառուցման եւ նախագծման հսկայական փորձ, դառնում է Արտաշեսի օգնականը՝ հայոց նոր շքեղ մայրաքաղաքի կառուցման գործում: Արմավիր մայրաքաղաքն այլեւս չէր բավարարում հզորացող պետությանը: Արտաշատը պետք է դառնար նոր տերության կենտրոնը՝ գրավելով իր գեղեցկությամբ եւ շքեղությամբ: Հայոց նոր մայրաքաղաքը պետք է մասշտաբներով գերազանցեր այդ ժամանակների այնպիսի խոշորագույն քաղաքներին, ինչպիսին Հռոմն ու Անտիոքն էին:

Արտաշատի կառուցման վայրն արքան ընտրում է  Ք.ա. 166 թվականին, Արաքս գետի ափին, Արարատի լանջերին, այդ ժամանակաշրջանի կարեւորագույն առեւտրային ուղիների, այդ թվում՝ Չինաստանից Եվրոպա ձգվող Մետաքսի ճանապարհի խաչմերուկում:

 Այս տեղանքն այսօր էլ գրավում է հնագետներին եւ գիտնականներին աշխարհի բոլոր ծագերից, քանի որ այն ուներ շատ կարեւոր նշանակություն: Մի քանի տարի առաջ աշխարհով մեկ տարածվեց Արտաշատում պեղված հսկայական գտածոների մասին նորությունը. Հանրային բաղնիքներ, ծիսական կառույցներ, տաճարներ, մետաղադրամներ, կենցաղային առարկաներ, ինչպես նաեւ հոյակապ խճանկարներ:

Հույն փիլիսոփա Պլուտարքոսը գրել է, որ հենց Հանիբալն է նկատել այդ շատ հարմարավետ տեղանքը, գծագրել ապագա քաղաքի ուրվագիծն ու համոզել Արտաշեսին կառուցել քաղաքը հենց այդ վայրում: Արքան գոհ է մնում եւ խնդրում է Հանիբալին՝ ստանձնել շինարարության ղեկավարումը: Արդյունքում՝ կառուցվում է մեծ եւ շատ գեղեցիկ քաղաք:

Եւ հենց Հանիբալի մասնակցության համար էլ, Արտաշատը սկսում են կոչել հայկական Կարթագեն: Մինչդեռ աֆրիկյան Կարթագենն ամբողջությամբ ավերել էին հռոմեացիները՝ Հանիբալի նկատմամբ հաղթանակից հետո:

Այնուհետեւ Արտաշեսն էապես ամրապնդում է եւ ընդարձակում իր տիրապետությունը՝ հպատակեցներով գրեթե ամբողջ հայկական լեռնաշխարհը, այսինքն՝ այն բոլոր տարածքները, որտեղ ապրում էր հայախոս բնակչություն: Ստրաբոնը նշում է, որ Արտաշեսի կողմից Հայաստանի տարածքն ընդլայնելուց հետո, թագավորությանը կցված բոլոր տարածքները միալեզու էին: Սա շատ կարեւոր մեկնաբանություն է, քանի որ շեշտադրում է ոչ թե գրավումը, այլ տարածքների միավորումը, որոնք անհիշելի ժամանակներից բնակեցված են եղել հայերով:

Ինչպես հայտնի է, էթնոգենեզի՝ այսինքն ժողովրդի ձեւավորման գործընթացը, տեւում է բազում հարյուրամյակներ, հետեւապես՝ Արտաշեսը չէր կարող այդ հսկայական տարածքները բնակեցնել հայ բնակչությամբ: Արդյունքում՝ հենց սա է Արտաշեսի հաջողությունների գրավականը, քանի որ հայերը, ապրելով օտար՝ աքեմենյան լծի տակ, ուրախությամբ  միավորվեցին ուժեղ առաջնորդի հովանու ներքո:

29 տարի գահակալած  Արտաշես արքան, մահկանացուն կնքելիս, դառնորեն նկատում է՝ ավաղ, աշխարհում ամեն ինչ անցողիկ է:

Արտաշես Ա-ի մահից հետո սկսվում է Հայաստանի եւ հզորացած պարթեւական թագավորության միջեւ երկարատեւ պատերազմների դարաշրջանը: Սակայն Արտաշես Առաջինի թոռներից մեկը՝ Տիգրան Մեծը, կարողանում է ավարտին հասցնել պապու գործը եւ գրավել  Հայաստանի շուրջ գտնվող երբեմնի հզոր տերությունները, այդ թվում՝ Սելևկյաններին, եւ հասնել մինչեւ Եգիպտոս: Այսուհանդերձ, հայկական պետության այս թռիչքի հիմքերը գցել էր հենց Արտաշես Առաջինը, որն այսօր էլ համարվում է հին աշխարհի ամենահարգված տիրակալներից մեկը: