ՌԵՊՈՐՏԱԺՆԵՐ
01 Jul 2020

«ԼՂ հակամարտությունը ռազմական լուծում չունի»․ համանախագահների հայտարարությունը

ԼՂ հակամարտությունը ռազմական լուծում չունի։ ՀՀ պատկան մարմինների եւ միջազգային կառույցների կողմից բազմիցս հնչեցված այս ձեւակերպումը նշված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարության մեջ:

Համանախագահները եւս մեկ անգամ կողմերին կոչ են արել հավելյալ քայլեր ձեռնարկել՝ հրադադարի ամրապնդման և բնակչությանը խաղաղության նախապատրաստելու համար: Նրանք նաև ընդգծել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հովանու ներքո իրականավող մշտադիտարկումը հնարավորինս շուտ վերսկսելու անհրաժեշտությունը:

Համանախագահներ Իգոր Պոպովը, Ստեֆան Վիսկոնտին և Էնդրյու Շոֆերն այս հայտարարությունը տարածել են ՀՀ և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ առանձին, այնուհետեւ՝ համատեղ տեսակոնֆերանսներից հետո։ Նրանք հունիսի 29-30-ին առանձնազրույց են ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հետ՝ քննարկելու տարածաշրջանում հանրային առողջապահության ոլորտում տիրող իրավիճակը, ԼՂ հակամարտության ընթացիկ դինամիկան և խաղաղ գործընթացում հետագա քայլերը: Այդ քննարկումներին մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը։

Առանձնազրույցներից հետո համանախագահների և Անջեյ Կասպշիկի միջնորդությամբ և մասնակցությամբ շուրջ մեկ ժամ տեսակոնֆերանս է անցկացվել նաեւ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի միջև: ՀՀ ԱԳՆ-ի փոխանցմամբ` տեսակոնֆերանսի ընթացքում անդրադարձ է կատարվել համավարակի պայմաններում խաղաղ գործընթացի շուրջ ստեղծված իրավիճակին: ՀՀ ԱԳ նախարար Մնացականյանն ընդգծել է Ադրբեջանի կողմից հնչեցվող ռազմատենչ և ապակառուցողական հայտարարությունների անթույլատրելիությունը՝ նշելով, որ դրանք վնաս են հասցնում խաղաղ գործընթացի միջավայրին և խոչընդոտում ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու հանձնառության իրականացումը: Միևնույն ժամանակ կարևորել է Արցախի ժողովրդի համապարփակ անվտանգության շարունակական ապահովման անհրաժեշտությունը, այդ թվում՝ ազատ և անվտանգ տեղաշարժի միջոցով:

Հանդիպմանն անդրադարձել են նաեւ մի շարք հասարակական-քաղաքական գործիչներ։ ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Կարապետյանը գովելի է համարել, որ ՀՀ ԱԳ նախարարը հասցեական նշում է Ադրբեջանի կողմից անվերջ հնչող հայտարարությունների ռազմատենչ լինելու մասին, սակայն խնդիր է մատնանշել։

Հիմնվելով 2019 թ. մարտի 29-ի իրենց հայտարարության վրա՝ համանախագահները նաեւ մտահոգություն են հայտնել, որ վերջին սադրիչ հայտարարությունները, ռազմատենչ հռետորաբանությունը կարող են խաթարել բանակցային գործընթացը: Մարտի 29-ին եռանախագահները վկայակոչել էին Հելսինկիի եզրափակիչ ակտի սկզբունքները՝ շեշտելով, որ խնդրի արդար ու տևական կարգավորումը պետք է հիմնված լինի ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության և հավասար իրավունքների ու ժողովուրդների ինքնորոշման սկզբունքների վրա:
Համանախագահների՝ հունիսի 30-ի արած հայտարարությունն ու տեսակոնֆերանսները վերլուծաբանների համար առտառոց չէր։ «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն»-ի նախագահ, քաղաքագետ Թևան Պողոսյանի դիտարկմամբ՝ 1994թ․ եւս այդ նույն, ստանդարտ հայտարարություններն էին:

Համանախագահները և արտգործնախարարները պայմանավորվել են ևս մեկ համատեղ տեսակոնֆերանս անցկացնել հուլիսին և որքան հնարավոր է շուտ անձնապես հանդիպել: