ՌԵՊՈՐՏԱԺՆԵՐ
01 Հնս 2020

Մեծածավալ զորավարժությունից ոգևորված Ադրբեջանից սպառնալից ու ռազմատենչ հայտարարություններ են հնչել

Մեծածավալ զորավարժությունից ոգևորված Ադրբեջանից հերթական անգամ սպառնալից ու ռազմատենչ հայտարարություններ են հնչել: Պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը ադրբեջանական բանկի բարձրագույն սպայական կազմի հետ հանդիպմանը մեջբերել է իրենց գերագույնին՝ Ալիևին: Գերագույնի ցանկացած հանձնարարություն կատարելու պատրաստակամության համատեքստում, Հասանովը, ըստ էության ընդունել է, որ 2016-ի ապրիլյան քառօրյան իրենց սանձազերծածն է:

«Անձնակազմը պետք է պատրաստ լինի բոլոր ուղղություններով ավերիչ հարվածներ հասցնել թշնամուն, որպեսզի մեր հողերը ազատագրեն: Թշնամին պետք է գիտակցի, որ այն միջոցները, որոնք մենք կիրականացնենք այս անգամ, տարբեր կլինեն 2016-ի ապրիլյան իրադարձություններից, և հարվածները, որոնք կհանձնվեն, կհանգեցնեն նրա քաղաքական, տնտեսական և ռազմական կոլապսին, որպես ամբողջություն»,- ասել է Հասանովը:

Հասանովն իրենց բանակի հաջողության բանալիներից մեկը համարել է անձնակազմի բարձր գաղափարական և բարոյահոգեբանական պատրաստվածությունը: Ասել է՝ թե դա է օգնում ադրբեջանցիներին՝ պաշտպանվել  տարբեր արշավներից.

«Վստահ ենք, որ նախագահի և պետության աջակցության շնորհիվ, միաժամանակ նաև հայրենասիրական ուժերի ջանքերով կբացահայտվեն թշնամական մտադրությունները ադրբեջանցի զինվորի նկատմամբ, և նրանք, ովքեր մասնակցում են այդ գործողություններին, պատասխանատվության կենթարկվեն օրենքի համաձայն»,- ասել է ադրբեջանցի նախարարը:

Ադրբեջանի հռետորաբանությանն արձագանքել է ՊՆ խոսնակը: Շուշան Ստեփանյանը Հասանովի հատարարությունները հոխորտանք է որակել ու ընդգծել է՝ նախարաը փաստացի և վերջնականապես ընդունել է, որ 2016-ի ապրիլյան գործողությունների նախաձեռնողը ադրբեջանական կողմն է.

«Նա խոստովանեց, որ իրենք այնքան էլ գոհ չեն ապրիլյանի արդյունքներից, իրենց առջև դրված խնդիրը չեն կարողացել լուծել: Հետևաբար, նա անձամբ պատասխան է տալու ինչպես նախկինում, այնպես էլ այսօրվա ցանկացած բառի, որոշման և ինչպես հայ, այնպես էլ ադրբեջանցի զինծառայողների թափված արյան համար»,- նշել է ՊՆ խոսնակը։