ՌԵՊՈՐՏԱԺՆԵՐ
11 Apr 2020

Իրավիճակն Արցախի մեկուսացված Միրիկում և ՀՀ այլ գյուղերում

Արցախի Քաշաթաղի շրջանի Միրիկ գյուղի բնակիչները չէին էլ պատկերացնում, որ հեռավոր Չինասստանի Ուհան քաղաքից սերված, աշխարհին ահաբեկած վարակը մի օր կարող է հասնել իրենց գյուղ։ Միրիկի միակ դպրոցի տնօրեն Նաիրա Սարգսյանը PARAT TV-ի հետ զրույցում ասում է՝ թեպետ գյուղում կորոնավիրուսով վարակման երեք հաստատված դեպք կա, գյուղի ելումուտն էլ սահմանափակված է, սակայն դժգոհություն չունեն։

Արցախի Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավար Ստեփան Սարգսյանն էլ հավաստիացնում է, որ իրականացնում են կանխարգելիչ բոլոր միջոցառումները՝ վարակի տարածումը շրջանում և հարակից բնակավայրերում կանխելու համար:

Միրիկում հեռավար ուսուցման անցել էին մինչև վարակի հաստատված դեպքերի ի հայտ գալը: 39 աշակերտ ունեցող դպրոցի տնօրենն ասում է՝ խնդիրներ ունեն կապված ինտերնետային կապի և համակարգիչների հետ։

Իսկ ահա Կոտայքի մարզի Գողթ գյուղը, որտեղ կորոնավիրուսով հաստատված մեկ դեպք կա, ըստ համայնքի ղեկավար Կարեն Գաբրիելյանի՝ շարունակում է ապրել բնականոն կյանքով:

Ինչպես Հայաստանի բոլոր մարզերում, Տավուշում եւս վարակի հաստատված դեպքեր կան։ Բարեբախտաբար, վիրուսն այս պահի դրությամբ սահմանամերձ գյուղեր չի հասել՝ ասում է Լուսաձոր համայնքի ղեկավար Վարդան Սարդարյանը: Հավելում է՝ համայնքի բնակիչները գարնանային նախապատրաստական աշխատանքներն են անում:

Կորոնովիրուսի տարածումը կանխելու համար Հայաստանում մարտի 16-ից ապրիլի 14-ը արտակարգ դրություն է սահմանվել: Սակայն այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ արտակարգ դրության երկարաձգումն անխուսափելի է։

Ապրիլի 11-ի՝ առավոտյան 11:00-ի դրությամբ, Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 966 դեպք, որից 173-ն`առողջացած, 13-ը` մահվան ելքով:

 

Մանրամասները՝ տեսանյությում: