ՌԵՊՈՐՏԱԺՆԵՐ
09 Apr 2020

Կառավարությունը վերահսկում է քաղաքացիների տեղաշարժը։ Ի՞նչ երաշխիքներ կան, որ այն ժամանակավոր է

«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրինագիծն այնքան արտակարգ բնույթ էր կրում, որ մեկ օրվա ընթացքում օրենսդիրը երկու անգամ արտակարգ նիստ գումարեց: Նախագծի առաջին ընթերցումն անցնցում էր անցել, սակայն երկրորդ ընթերցումն առաջին փորձից տապալվեց. «իմքայլականները» խորհրդարանում քիչ էին: Օրվա ընթացքում, սակայն, իշխանականները համախմբվեցին և երկրորդ փորձից, երկրորդ և վերջնական ընթերցմամբ մարտի 31-ին ընդունեցին կառավարության առաջարկած «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում եւ հարակից օրենքներում լրացումներ կատարելու օրինագծերի փաթեթը։ Փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանի խոսքով՝ նախագիծը միտված է կորոնավիրուսի կանխարգելման և քաղաքացիներին մեկուսացման աշխատանքներն ավելի արդյունավետ դարձնելուն:

Նախագծով նախատեսվում է, օրինակ, ստեղծել համապատասխան հավելված: Կառավարությունից էլ չէին բացառել, որ համապատասխան տեխնիկական միջոց չունեցող քաղաքացիներին կարող են տրվել այդ միջոցները: Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը, սակայն, նշում է՝ հեռախոսի տեխնիկական հագեցվածությունը որևէ նշանակություն չունի.

«Այս նախագիծը GPS-ի հետ կապ չունի, այն կապված է բջջային անտենաների դիրքի հետ: Այնպես որ, կապ չունի, թե ինչ հեռախոս է օգտագործվում, տեղը միևնույն է ֆիքսվում է»,- ասաց Մարտիրոսյանը:

Մարտիրոսյանի խոսքով՝ կա հավանականություն, որ նախագծի միջոցով  կվերահսկվեն անձինք և տվյալներ, որոնք կապ չունեն կորոնավիրուսի համավարակի տարածման և դրա կանխման հետ: Խնդիր է նաև այն, որ հստակորեն չի նշվում, թե ովքեր մուտք ունեն համակարգ: Հետևաբար, այն կարող է օգտագործվել ոչ համակարգված և հետապնդել անձնական շահ:

«Պետք է կառավարությունը հստակ ֆիքսի, թե ովքեր եմ մուտք գործում համակարգ և ինչպես է այն օգտագործվում»,-հավելեց տեղեկատվական անվտանգության փորձագետը:

Մանրամասները՝ տեսանյութում: